Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում կառուցված խոշոր բազմահարկ ավտոկայանատեղիում, որը  ունի 1.6 հազար տեղ մեքենաների համար,  հրդեհի արդյունքում այրվել են բոլոր կայանված մեքենաները, հաղորդում է  Guardian-ը։

Ավտոկայանատեղին տեղակայված  է եղել  Echo Arena ժամանցային  հրապարակի կողքին, որտեղ  տեղի էր ունենում  ձիերի միջազգային ցուցահանդես: Հրդեհի արդյունքում վերջնական՝ չորրորդ շոուն  ստիպված են եղել չեղյալ հայտարարել, իսկ կենդանիները տարահանվել են: Տեղի բնակիչները ստիպված  են եղել լքել իրենց տները, քանի որ  այդ  շրջանում սկսել է  թանձր ծուխ տարածվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մեքենաներից մեկում, որից հետո սկսել է տարածվել: Պարբերականի տվյալների համաձայն՝ ավտոկայանատեղում կայանված բոլոր մեքենաները ոչնչացվել են:

Դեպքի վայր էին ժամանել առնվազն վեց  հրշեջ մեքենաներ, հրշեջ դեպարտամենտի աշխատակիցները թթվածնային մեկուսիչ դիմակներով պայքարել են կրակի դեմ: Միջադեպի արդյունքում լուրջ վնասվածքներ չեն գրանցվել։  Նշվում է, որ բոլոր կենդանիներն ողջ են մնացել։