Միլանի նախկին գլխավոր մարզիչ, Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Լեոնարդոն Ծննդյան տոներից հետո կգլխավորի Միլանի Ինտերը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Լեոնարդոն ակումբի նախագահ Մասիմո Մորատիի հետ քննարկել է պայմանագիրը, որը կլինի մինչեւ 2012թ. հունիսը:

41-ամյա Լեոնարդոն կստանա տարեկան 2,5 միլիոն եվրո: Արդեն դեկտեմբերի 29-ին նա մարզում կանցկացնի Ինտերի հետ, իսկ առաջին հանդիպումը կլինի հունվարի 6-ի Ա սերիայի Նապոլիի հետ խաղը:

17 տուրից հետո Ինտերն Իտալիայի առաջնության 7-րդ տեղում է` առաջատար Միլանին զիջելով 13 միավոր:

Լեոնարդոն Բրազիլիայի հավաքականի կազմում 1994թ. աշխարհի չեմպիոնն է, 1997-2001թթ. եղել է Միլանի կիսապաշտպանը: Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո գործակալի աշխատանք է կատարել: 2009-ին Միլանի գլխավոր մարզչի պաշտոնում Լեոնարդոն փոխարինեց Կառլո Անչելոտիին եւ թիմում մնաց միայն մեկ մրցաշրջան: Նրա գլխավորությամբ Միլանն Իտալիայի առաջնությունում գրավեց երրորդ տեղը: