Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` հունվարի 12-ին, Ժիրայր Սեֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանը հրաժարվեցին իրենց պաշտպանից եւ լքեցին դատական նիստերի դահլիճը: Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ այս քայլը պայմանավորված է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի հացադուլով, որոնք արդեն 20 օրից ավելի հացադուլի մեջ են եւ այս քայլով աջակցում են նրանց:

Նշենք, որ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը թույլ չէր տալիս, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանը հայտարարությամբ հանդես գա, սակայն, վերջինը հայտարարությամբ հանդես եկավ եւ հեռացավ նիստերի դահլիճից: Այնուհետեւ Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը փորձեց եւս լքել նիստերի դահլիճը, նախագահող դատավորը նրան թույլ չտվեց` նշելով, որ դատարանը չի ընդունել Ժիրայր Սեֆիլյանի` պաշտպանից հրաժարվելու հայտարարությունը: Այնուամենայնիվ, Տիգրան Հայրապետյանը լքեց նիստերի դահլիճը:

Նշենք, որ այսօր դատարանում պետք է հարցաքննվեր Գեւորգ Սաֆարյանը: Դատարանը զրկեց նրան հարցաքննվելու իրավունքից, հիմնավորելով, որ Գեւորգ Սաֆարյանի գործողությունները զրկում են նրան հարցաքննությունը շարունակելու իրավունքից: 

Դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: