2015թ. բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին բանակում ծեծի ենթարկվելու հետեւանքով հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված 19-ամյա Արթուր Հակոբյանի առողջական վիճակը համեմատաբար բարելավվել է: NEWS.am-ի հետ զրույցում Արթուրի հորաքույրը՝ տիկին Ռիտան, նշեց, որ Արթուրի առողջական վիճակը չնայած կայունացել է, սակայն, դեռ շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:

«Համեմատաբար լավ է, օրեցօր զգում ենք, որ դեպի լավն է գնում: Բժիշկների նշանակած հոգեմետ դեղերը չենք տալիս, բացառապես դեղաբույսերով ենք բուժում: Բայց դեռ խնդիրներ ունի, գիշերները նոպաներ է ունենում, խոսումէ  երազի մեջ,  վախենում է ինչ-որ բանից»,-ասաց նա:

Տիկին Ռիտան նշեց, որ Արթուրի բուժման հարցում պետությունից որեւէ աջակցություն չեն ստացել, մամուլում՝ Արթուրի մասին հրապարակումներից հետո բարերարներ են դիմել իրենց, որոնք որոշ չափով օգնել են Հակոբյաններին. «Հիմա մի բարերար կա, որը Չինաստանից Արթուրի համար թեյեր է ուղարկում, որոնք հանգստացնում են Արթուրի ներվերը, պետությունից էլ ոչ մի աջակցություն չենք ստացել»:

Արթուր Հակոբյանին զորամասից տեղափոխել էին «Նուբարաշենի» հոգեբուժարան, որից հետո հարազատների պահանջով նրան տեղափոխել էին տուն, քանի որ նրա վիճակը, հարազատների պնդմամբ, գնալով վատանում էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Հակոբյանին ծեծի ենթարկելու գործը կարճվել էր հանցադեպի բացակայության հիմքով:  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ, 2015թ. նոյեմբերի 13-ին որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին, իսկ զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող:

Արթուրն ու նրա հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը՝ հարբած վիճակում, որի հետեւանքով էլ զինծառայողը ձեռք է բերել առողջական խնդիրներ: