Մինչ հանրության՝ քաղաքականությամբ հետաքրքրված հատվածը փորձում է գուշակել՝ ով է Սերժ Սարգսյանի թվարկած հատկանիշներով նախագահի թեկնածուն, ՀՀԿ–ի կուլիսներում արդեն հաստատապես համոզված են՝ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածության վրա։
NEWS.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօրվա ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը քննարկվելու է։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նախօրեին լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ Սարգսյանի թեկնածությունը կքննարկվի։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը անցած շաբաթ նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ցանկություն էր հայտնել, որ ՀՀԿ–ի թեկնածուն լայն համաձայնությամբ ընտրվի։ Ավելի ուշ Սերժ Սարգսյանն առանց անուն նշելու նկարագրեց նախագահի թեկնածուին, ըստ որի՝ նա «պետք է ունենա անցած ճանապարհ, ճանաչում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն, անկողմնակալ մարդ լինի, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել»։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ խմբակցությունը կքվեարկի ՀՀԿ–ի թեկնածուի օգտին։ Թե ինչպիսի դիրքորոշում կունենան կոնկրետ Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ, դեռ չեն հայտնում, իսկ մինչ այդ ԲՀԿ մեր աղբյուրները վստահեցնում են, որ ողջ խմբակցության համար մի որոշում կընդունվի, ազատ քվեարկություն չի լինելու։











