Անպատասխանատու պատգամավորների՝ Եվրոպայի խորհրդի բուն առաքելությանը հակասող գործելակերպը ծանր վնաս հասցրեց ԵԽԽՎ առաքելությանը: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
«Եվրոպայի խորհրդի անդամակցությունից ի վեր մեր երկիրն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվել թե՛ ստանձնած պարտավորությունների կատարմանը, թե՛ այս կառույցի հիմնարար արժեքների հանդեպ մեր հավաքական հանձնառությանը:
Սակայն, վերջին տարիներին, ցավոք, մենք այս կառույցում ականատես եղանք աննախադեպ արժեքային ճգնաժամի, երբ որոշ, մեղմ ասած, անպատասխանատու պատգամավորների՝ Եվրոպայի խորհրդի բուն առաքելությանը հակասող գործելակերպը ծանր վնաս հասցրեց կազմակերպության հեղինակությանը: Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքին նետվեց թերեւս ամենամեծ մարտահրավերը՝ իր ստեղծումից ի վեր, երբ բացահայտվեցին Վեհաժողովում պատգամավորների կաշառման, դրանց արդյունքում անարդար քվեարկությունների դեպքեր:
2014 թվականից ի վեր մի շարք քաղաքականապես կողմնակալ եւ աղմկահարույց զեկույցներ, բանաձեւեր հայաստանյան հասարակության շրջանում Վեհաժողովի նկատմամբ վերաբերմունքի խիստ փոփոխություն առաջացրին: Միեւնույն ժամանակ, այդ բացահայտումները հույս են ներշնչում, որ նման արատավոր երեւույթների կյանքը կարճ է։ Վաղ թե ուշ դրանք ջրի երես են դուրս գալիս՝ զրոյացնելով այդ եղանակով ընդունված բանաձեւերը, ինչպես նաեւ հեղինակազրկելով դրանց հետեւում կանգնած մարդկանց եւ ուժերին: Հավատացած եմ, որ կոռուպցիոն բացահայտումներն ուսումնասիրող անկախ հետաքննող մարմնի զեկույցը արմատախիլ կանի այդ արատավոր երեւույթը՝ նպաստելով անդամ պետություններում մեր կառույցի հանդեպ վստահության ամրապնդմանը»,-ասել է նա:
- Բաքվի ապրիլյան գործողությունները սարսափելի հիշողություններ արթնացրեցին Սումգայիթի մասին. ՀՀ նախագահ (Ֆոտո)
- Սկզբնական փուլում եւ ԵՄ-ում, եւ ԵՏՄ-ում ողջունում էին երկուսի հետ էլ բանակցելու մեր մոտեցումը. Սերժ Սարգսյան
- Արցախը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը. Սերժ Սարգսյան











