Մենք ինքներս մեզ եվրոպացի ենք համարում, անկախ նրանից՝ եվրոպացիները մեզ այդպիսին համարում են, թե ոչ: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին 10 տարում Հայաստանի՝ Եվրոպայի հետ համագործակցության ուղղությամբ կատարած ախատանքին:

Նրա խոսքով, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանն ունի լուրջ ձեռքբերումներ, ինչպես երկկողմ հարաբերություններում եվրոպական երկրների հետ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում:

«2016-2017 թվականներին ԵԽ նախարարների կոմիտեն եւ ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց զեկույցներում անրձանագրել են մեծ առաջընթաց Հայաստանի համար: Օրինակ, 2008-ին, երբ ընտրվեցի ՀՀ նախագահ, մենք մեծ մարտահրավերներ ունեինք, եւ շատ լարված հարաբերություններ ունեինք կոնկրետ ԵԽ-ի հետ, մեզ նույնիսկ սպառնում էին պատժամիջոցներ: Դրանից 10 տարի անց մենք խոսում ենք Հայաստանի ձեռքբերումների մասին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ մեր հարաբերություններին, ՀՀ նախագահն ասաց. «Մենք ընդամենը 2  ամիս առաջ, նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրեցինք համագորչծակցության նոր պայմանագիր, որը շատ լավ հեռանկարներ է բացում հայաստանի համար: Մենք ինքներս մեզ եվրոպացի ենք համարում, անկախ նրանից, թե եվրոպացիները մեզ այդպիսին համարում են, թե ոչ: Ուստի մեր համագործակցությունը եվրոպական երկրների ու կառույցների հետ բխում է մեր համոզմունքից, եւ որեւէ մեկը մեզ չի պարտադրում»: