Մայամիի ոստիկանները ձերբակալել են 7-ամյա մի աշակերտի, որը կասկածվում է «բռնության նկատմամբ հակվածության մեջ»։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  Miami Herald թերթը։

Ոստիկանության զեկույցի համաձայն՝  տղային վռնդել են ճաշասենյակից «սննդի հետ խաղալու համար»: Միջանցքում երեխան հանդիպել է ուսուցիչին եւ ենթադրաբար, կռվի բռնկվել նրա հետ։  Նշվում է, որ դպրոցականը հարվածել է ուսուցչի մեջքին եւ շարունակել է խփել, երբ նրան փորձել են կանխել:

Դրանից հետո երեխային ուղարկել են պարտադիր հոգեբանական փորձաքննության, որից հետո նա ազատ է արձակվել։ Տղայի մայրը հաստատում է, որ որդին հոգեկան խնդիրներ չունի եւ պատրաստ է դատի տալ դպրոցին ու ոստիկաններին։ Ուսուցիչը պատրաստ է պատասխան հայց ներկայացնել։