«Econews.am» կայքում հրապարակված հոդվածում ապօրինի որսի փաստով զետեղված լուսանկարներում պատկերված անձը ՀՀ ոստիկանության ծառայող չէ: Այս մասին պարզաբանում է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հունվարի 30-ին «www.econews.am» կայքում հրապարակվել է «Հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է» վերտառությամբ հոդվածը, որտեղ զետեղված են համացանցի մի օգտատիրոջ անհատական էջից արտատպված սպանված կենդանիների լուսանկարներ:
Հրապարակման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում ճշտվել է լուսանկարում պատկերված անձի ինքնությունը: Նա հայտնաբերվել ու տվել է բացատրություն:
Տեղեկացնենք, որ նշված անձը ՀՀ ոստիկանության ծառայող չէ. 2012 թ. դեկտեմբերի 25-ին նա ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` անձնական նախաձեռնությամբ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Econews.am-ը ապօրինի որսի դեպքերի մասին վկայող նոր լուսանկարներ եւ այլ մանրամասներ է հայտնել: «Այս անգամ խոսքը «երկակի» կյանքով ապրող անձնավորության մասին է: 37-ամյա Վոլոդյա Ղազարյանի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ վերջինս ՀՀ ոստիկանության ծառայող է, սակայն ժամանակ առ ժամանակ սահուն կերպով վերածվում է «անխիղճ որսորդի»: Հենց այսպես էլ ինքն իրեն անվանում է երիտասարդ ոստիկանը: «Անխիղճ որսորդն» անգամ առանձին հաշիվ ունի սոցիալական ցանցում, որտեղ զետեղված են անհամար լուսանկարներ՝ թե՛ նրա առօրյան, թե՛ որսը ցուցադրող»,-գրել է կայքը:











