WikiLeaks կայքի տեղեկությամբ, բուլղարական առաջատար ֆուտբոլային ակումբները կապ ունեն մաֆիայի հետ, որը օգտագործում է այդ ակումբները փողերի լվացման համար:

«Ենթադրվում է, որ բուլղարական ակումբներն ուղղակիորեն, կամ անուղղակիորեն վերահսկվում են հանցավոր խմբավորումների պարագլուխների կողմին: Նրանք օգտագործում են այդ ակումբներն իրենց գործունեությանը օրինականության շղարշ տալու, փողերի լվացման եւ արագ հարստանալու համար: Գործնականում, բոլոր ակումբները կամ պատկանում են կազմակերպված հանցավոր խմբերին, կամ կապ ունեն դրանց հետ»,- մեջբերվում է Սոֆիայում ԱՄՆ դեսպանատան աղբյուրը:

Մաֆիայի հետ կապ ունեցող ակումբների ցուցակում են Լեւսկին, Սոֆիայի ԲԿՄԱ-ն, Լիտեքսը, Սլավիան, Չեռնո Մորեն, Վառնան, Սոֆիայի Լոկոմոտիվը եւ Պլովդիվի Լոկոմոտիվը:

Աղբյուրը նաեւ հայտնում է, որ ֆուտբոլի Բուլղարիայի առաջնությունում հաճախ են լինում պայմանավորված արդյունքով հանդիպումներ, անօրինական խաղադրույքներ, հարկերի չվճարումներ, իսկ ակումբներից մեկի ղեկավարը նույնիսկ խաղադրույք է կատարել իր թիմի դեմ` պարտքերը փակելու համար: