Ժամանակին 4+4+4 ձեւաչափով քննարկումների ժամանակ կոնսենսուս չի եղել ընտրական օրենսգրքի եւ ընտրակարգի շուջ, կոնսենսուս եղել է ԵՄ-ի կողմից հատկացված գումարների ծախսման ուղղությունների շուրջ, որոնք վերաբերել են տեսախցիկներ տեղադրելուն, անունների ցանկերը հրապարակելուն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Սահմանադրության համապատասխան դրույթին,ըստ որի ԱԺ ընտրությունները պետք է անցնեն միայն համամասնական ընտրակարգով, Փաշինյանը հեգնանքով նկատեց. «Այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, գիտեն միայն նեղ շրջանակի մարդիկ, ու եթե գրել են «համամասնական», դա դեռ չի նշանակում, որ նկատի են ունեցել «համամասնական»: Շատ հնարավոր է, որ նրանք նկատի են ունեցել մեծամասնական: Պետք է հետեւել մամուլին,որ տեսնենք, թե պարոն Թովմասյանը եւ ուրիշները որ դեպքում ինչ են նկատի ունենում, երբ ասում են կարմիր, որովհետեւ նրանք երբեմն նկատի են ունենում սեւ, երբեմն նարնջագույն, երբեմն սպիտակ, եւ երբեմն նույնիսկ բազկաթոռ»:
Փաշինյանը նշեց, որ ԱԺ-ում ՀՀԿ-ականները հիմնականում ֆասադի մի մաս են, որովհետեւ որոշումներն իրենք չեն կայացնում. «Այդ ֆասադի մեջ մենք տեսնում ենք եւ քարքարոտ, «գռուբակոլ» քարեր եւ սրբատաշ, հղկած քարեր, նաեւ անկապ քարեր, որոնք պետք է չլինեին, բայց կան այս ընտրակարգի բերումով»:
Հիշեցնենք, որ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն առաջարկում են ընտրական օրենսգրքից հանել տարածքային ցուցակներով ընտրակարգը, այսինքն առաջարկում են անցնել պարզ համամասնական ընտրակարգի:











