Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 27-ին, մեղադրող Պետրոս Պետրոսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց դատակոչի ենթակա անձանց հարցաքննությունը սահմանափակելու մասին: Նա նշեց, որ դատարանի կողմից արդեն բավարարվել է պաշտպանական կողմի հրավիրված վկաների հարցաքննությունը եւ նրանք անխուսափելիորեն հարցաքննվելու են դատարանում, եթե պաշտպանության կողմն իր իսկ միջնորդությամբ չհրաժարվի նրանց հարցաքննությունից:

Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ նշեց. «Այստեղ դիրիժորություն մեղադրողն է անում, նա է որոշում ոնց եւ ինչպես արվի: Մեղադրողն ուզում է հասնի նրան, որ դատարանը չեղարկի պաշտպանական կողմի վկաների հարցաքննության մասին որոշումը, քանի որ որոշ վկաների ցուցմունքներով քրեական գործեր են հարուցվելու քննիչների վրա, ինքնապաշտպանական նպատակ ունի այս միջնորդությունը»,-ասաց նա:

Կարեն Մեժլումյանը նշեց, որ մեղադրողի ներկայացրած միջնորդության քննարկումը պետք է հետաձգվի` դատարանում այսօր Եղիշե  Պետրոսյանի հարցաքննությունն ապահովելով: Սակայն, դատարանն առարկեց` նշելով, որ ներկայացված միջնորդությունները անմիջապես քննության առարկա են դառնում եւ բավարարեց մեղադրողի միջնորդությունը:  Դատական նիստում գտնվող աջակիցներից մեկը դատարանի այս որոշմանն արձագանքեց. «Ամոթ քեզ», որից հետո դուրս հրավիրվեց դատական նիստերի դահլիճից:

Դատարանը հայտարարեց, որ այսօր հրավիրված վկա Եղիշե Պետրոսյանի հարցաքննությունը հետաձգվում է եւ այն կկայանա դատաքննության լրացման փուլում: Նշենք, որ դատարանն էր ծանուցել Եղիշե Պետրոսյանին եւ հրավիրել դատարան ` ցուցմունք տալու: Դատարանը որոշում էր կայացրել սկզբից վկաներին հարցաքննելու, այնուհետեւ տուժողներին:

Գործով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն տուժողները:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է: