Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին պետք է հարցաքննվեր երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, սակայն, դատախազ Պետրոս Պետրոսյանի միջնորդությամբ նրա հարցաքննությունը հետաձգվեց: Եղիշե Պետրոսյանը դատակոչվել էր պաշտպանական կողմի միջնորդությամբ եւ դատախազի՝ Եղիշե Պետրոսյանի հարցաքննությունը հետաձգելու մասին միջնորդությունը պաշտպանական կողմը համարեց դիտավորություն, նաեւ ինքնապաշտպանություն՝ նախաքննական մարմնի կեղծիքները չբացահայտելու համար:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի նստավայրում առավոտից իր ցուցմունք տալուն սպասող Եղիշե Խաչատրյանը անակնկալի եկավ, երբ տեղեկացավ, որ իր հարցաքննությունը հետաձգվել է: Նա նշեց, որ գործով մեղադրողին մի շարք հարցեր ուներ ուղղելու, որոնք բացահայտելու էին քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտած մի շարք ապօրինություններ: Եղիշե Պետրոսյանի խոսքով, Անդրիաս Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը շինծու է եւ նրան անազատության մեջ են պահում ապօրինի:
«Ես պետք է իմ ցուցմունքում ասեի այն, ինչին տիրապետում եմ. տարրական բան եմ ասում, նույն առավոտյան նույն կասկածանքով ինձ են ձերբակալել, թե ինձ տեսել են, սարի թաղում քարեր եմ գցել եւ այլն: Բայց իրականում ես սարի թաղ չեմ հասել. առողջականս վատացել է եւ ինձ շտապօգնությունով օգնություն են ցույց տվել, հետո տարել են տուն: 12 օր ես ձերբակալված եմ եղել հիվանդանոցում, բայց ես էնտեղ չեմ եղել, բայց ուցմունքներ ենե ղել, իբրեւ այնտեղ եմ գտնվել: Հիմա էսպիսի մի բան էլ Անդրիասի գործն ա: Անկարգություններից են խոսում, բայց ես ուզում էի դատախազին հարցնեի՝ պարզե՞լ են քաղաքացիական հագուստով տաբլետկա կուլ տվողների ինքնությունը, որոնց մի մասը ոստիկաններ են եղել, մի մասն էլ՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներ, նրանք են անկարգություններ կազմակերպել»,-ասաց նա:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:











