Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ փետրվարի 28-ին, շարունակվում են նախօրեին մեկնարկած հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 18 հարց, այդ թվում մի շարք կարեւոր ընտրություններ:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցան Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների թեկնածությունների քննարկումը, ընտրությունը կկայանա այսօր՝ ժամը 10.30-ին:
Բացի այդ, երեկ քննարկվեց ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Միակ թեկնածուն Գեւորգ Կոստանյանն է: Այս ընտրությունը եւս կկայանա այսօր:
Հիշեցնենք, որ ԱԺ այս քառօրյայի օրակարգում է մասնավորապես, ՀՀ նախագահի ընտրությունը, նաեւ Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ նշանակելու հարցը:
Բացի այդ, կան բազմաթիվ օրինագծեր, որոնք պետք է ընդունվեն երկրորդ ընթերցմամբ: Դրանց թվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրինագծերը:











