Ազգային ժողովի արտահերթ նիստն ավարտվեց: Առաջին եւ երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը մի քանի օրինագծեր ընդունեց: Նշենք, որ կառավարության նախաձեռնած արտահերթերի ընթացքում Ազգային ժողովը փորձում է ավարտին հասցնել օրենսդրական կարգավորումները՝ Սահմադրության փոփոխություններով պայմանավորված: Այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է Անվտանգության խորհրդի մասին աղմուկ հանած օրինագիծը: Նոր կարգավորման համաձայն՝ Խորհուրդը կգլխավորի վարչապետը, իսկ հանրապետության նախագահն ու Ազգային ժողովի խոսնակը դրանում չեն ընդգրկվի: Խորհրդարանն այսօր ընդունել է նաեւ «Հանրաքվեի մասին», «Ներման մասին», «Հանրային խորհրդի մասին» օրինագծերը:
Մարտի 4-ից որպես անհետ կորած որոնվողի դին աղբանոցում են գտել: Այսօր Գավառի աղբանոցում հայտնաբերել են 55-ամյա Հայրապետ Հերգնյանի դին: Նրա անհետանալու մասին իրավապահներին ահազանգել էր կինը: Մինչ անհետանալը Հերգնյանը զանգահարել է կնոջը, ասել, որ շուկայում է եւ տուն է գալիս: Սակայն տուն այդպես էլ չի հասել, իսկ ավելի ուշ հեռախոսահամարն անհասանելի է դարձել: Ոստիկանության փոխանցմամբ՝ Հայրապետ Հերգնյանը նստել է համաքաղաքացու՝ Միշա Մխիկյանի մեքենան, ինչից հետո նրան այլեւս ոչ ոք չի տեսել: Նախնական քննությամբ պարզվել է, որ տղամարդիկ գումարային հարցերի շուրջ վիճաբանել են, Մխիկյանը սպանել է Հերգնյանին, հետո այրել մարմինն ու թաղել աղբանոցում: Միշա Մխիկյանը ձերբակալված է:
Մարտի 1-ից Վրաստան ժամանող արտասահմանյան համարանիշերով մեքենաները պետք է պարտադիր ապահովագրվեն: Հարցը հարեւան երկրում վաղուց էր քննարկվում, իսկ հիմա արդեն օրենքի ուժ է ստացել: Հայկական համարանիշերով մեքենաները հնարավոր կլինի ապահովագրել ինչպես հայկական սահմանային անցակետում, այնպես էլ վրացական: Մինչեւ 15 օրվա ապահովագրությունը կարժենա 30 լարի՝ շուրջ 6000 դրամ, իսկ տարեկան ապահովագրությունը՝ 290 լարի կամ շուրջ 30.000 դրամ: Առանց ապահովագրության Վրաստան մուտք գործելու դեպքում մինչեւ 200 լարիի տուգանք է նախատեսված: Փորձագետները նոր կարգի ներդրման հարցում խնդիրներ չեն տեսնում, սակայն փաստում են, որ «գնանք խինկալի ուտենք» ոգով ուղեւորությունների թիվը զգալիորեն կկրճատվի:
Forbes պարբերականը հրապարակել է 2018 թվականի միլիարդատերերի վարկանիշը: Այն գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 112 մլրդ դոլար կարողությամբ: Երկրորդ հորիզոնականում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը՝ 90 մլրդ դոլար, երրորդ տեղում՝ ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 83 մլրդ դոլար կարողությամբ: Forbes-ի վարկանիշում նաեւ երեք հայ կա՝ ռուսաստանցի գործարարներ Սերգեյ Գալիցկին ու Սամվել Կարապետյանը, ինչպես նաեւ արգենտինացի Էդուարդո Էռնեկյանը: «Մագնիտ» ընկերության նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկին 4 մլրդ դոլար կարողությամբ ցանկի 550-րդ հորիզոնականում է: «Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանի ունեցվածքը գնահատվում է 3.6 միլիարդ դոլար. նա վարկանիշի 606-րդ հորիզոնականում է: Իսկ արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի կարողությունն ավելի «համեստ» է՝ 2.7 մլրդ դոլար: Էռնեկյանն էլ Forbes-ի վարկանիշի 880-րդ տեղում է:
Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառների մասին: Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը նշել է, որ «Արսենալը» հարձակողական ֆուտբոլ է խաղում, իսկ դա իր նախընտրած խաղաոճն է:
Իսկ «Արսենալ»-ում թիմակիցներն այնքան էլ գոհ չեն հայ ֆուտբոլիստից: Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ Անգլիայի առաջնության արտագնա խաղում «Բրայթոն»-ից կրած պարտությունից հետո թիմակիցները հանդերձարանում քննադատել են Հենրիխ Մխիթարյանին եւ Մեսութ Օզիլին՝ նրանց մեղադրելով թույլ մրցելույթի, գրոհների ժամանակ կրեատիվ որոշումների եւ սրության պակասի համար: Լուրեր էին պտտվում նաեւ, որ ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, հնարավոր է, հրաժարական տա: Մխիթարյանը հերքել է այս լուրերը՝ հավաստելով, ու ակումբում հրաշալի մթնոլորտ է: Ֆուտբոլիստն ասել է, թե հրաշալի ակումբակիցներ ունի, որոնք ամեն ինչում օգնում են իրեն:
Երեւանում ծիրանենիները ծաղկել են: Արդեն մի քանի օր է՝ գիշերային ժամերին մայրաքաղաքում բացասական ջերմաստիճան չի գրանցվում: Իսկ վաղը Երեւանում ջերմաստիճանը նույնիսկ կհասնի +20 աստիճանի: Գյուղատնտեսներին, սակայն, այնքան էլ չի ուրախացնում տաք եղանակը: Մտավախություն կա, որ մարտի կեսերից ջերմաստիճանը նորից կիջնի, եւ ծաղկած կամ բողբոջած ծառերը կցրտահարվեն: Օդերեւութաբանները, սակայն, ջերմաստիճանի կտրուկ անկում չեն կանխատեսում:
Մարտի 7-ին դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 597, ռուբլունը՝ 8 դրամ 43 լումա, ֆունտինը՝ 666 դրամ:
Մարտի 8-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի ցերեկն ու 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը ցերեկը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:











