Այսօր, հունվարի 10-ին Երեւանի ժամանակով 22:00-ին Ցյուրիխում կսկսվի ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն խաղացողի պարգեւատրման արարողությունը: Այս տարվանից մրցանակը միացյալ է եւ կոչվում է ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ», որը համատեղ սահմանել են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան եւ France Football պարբերականը: Քվեարկությանը մասնակցում են ազգային հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները եւ տարբեր երկրների ֆուտբոլային ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Այս տարվա լավագույն ֆուտբոլիստի երեք հավակնորդներն էլ ներկայացնում են Բարսելոնան. մրցանակի ներկա տիրակալ արգենտինացի Լիոնել Մեսի, աշխարհի չեմպիոն իսպանացիներ Անդրես Ինյեստա եւ Չավի Էրնանդես:
Բարսելոնայի համար «Ոսկե գնդակը» կլինի ութերորդը: Նախկինում մրցանակին արժանացել են իսպանացի Լուիս Սուարեսը (1960), հոլանդացի Յոհան Կրոյֆը (1973, 1974), բուլղարացի Խրիստո Ստոիչկովը (1994), բրազիլացիներ Ռիվալդոն (1999) ու Ռոնալդինյոն (2005) եւ արգենտինացի Մեսին (2009):




























