Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասաններից մեկը որոշել է հանդես գալ որպես լեգենդար Ջոն Լենոնի մասին պատմող ֆիլմի պրոդյուսեր, ինչպես նաեւ այդ ֆիլմում խաղալ գլխավոր դերը։ Տարբերությունը միայն տարիքի մեջ է. Բրեդ Փիթը 47 տարեկան է, իսկ Լենոնը մահացել է 40 տարեկանում։

Սակայն, եթե հավատալու լինենք Daily Express թերթի կայքէջի տեղեկատվությանը, Բրեդ Փիթն արդեն հանդիպել է երաժիշտի այրուն՝ Յոկո Օնոյին եւ նրա հետ քննարկել ապագա կինոնկարի գաղափարը եւ մանրամասները։

Լեգենդի այրին հիացած է եղել կա՜մ Փիթի գեղեցկությամբ, կա՜մ  Ջոնի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու նրա հուզիչ մղումով։ Յոկո Օնոյի հետ հանդիպելուց բացի, նա սկսել է վոկալի դասեր վերցնել, սցանար ստեղծելու համար գրող է վարձել, խոստացել է յուրացնել ակցենտը, որով խոսում էր Լենոնը, ինչպես նաեւ ուսումնասիրել Ջոնի դիմախաղը։

Դեռեւս անհայտ է, թե ով կլինի նոր նախագծի ռեժիսորը, սակայն  շատ հնարավոր է, որ դա լինի Անջելինա Ջոլին, ով վերջին ժամանակներս զբաղված է ռեժիսորական գաղափարներով։