Ֆեյսբուքի նոր կարգավորումներով, որոնք պաշտոնապես սկսեցին կիրառվել այս տարվա սկզբից, նորությունների էջերի ցուցադրումները շատ կտրուկ նվազեցվել են: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, դա արվել է հոգեբանական ուսումնասիրությունների արդյունքում. «Պարզել են, որ միայն նորություններ կարդացողները դեպրեսիայի մեջ են ընկնում: Դրա համար գերադասեցին նվազեցնել նորությունների դիտումները, եւ որպես հետեւանք լրատվական կայքերի դիտումների քանակը էականորեն ընկել է, մարդիկ ավելի շատ ընկերների գրառումներ են տեսնում, քան նորություններ»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ արդեն կարելի է նկատել, որ հունվար-փետրվարին լրատվական կայքերն իրենց լսարանի մոտ 15-20 տոկոս անկում են ունեցել, իսկ դա լուրջ ազդեցություն է:
«Դա ազդում է նաեւ բիզնեսների վրա, որովհետեւ լրատվամիջոցներն ավելի շատ գումարներ են դնում գովազդի վրա, որ վերականգնեն թրաֆիկը ու դա բերում է գովազդի գնի աճի: Դա խփում է փոքր բիզնեսներին, որոնք փորձում են ֆեյսբուքում իրենց խնդիրն առաջ տանել: Եթե ֆեյսբուքն այսպես շարունակի, լսարանի անկումը շարունակվելու է»,-ընդգծեց նա:
Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ լրատվամիջոցի կողմից նույն նյութը ֆեյսբուքի բազմաթիվ խմբերում տարածելը հակառակ ազդեցություն է ունենում. «Ֆեյսբուքը հիմա դիտարկում է նյութ-մեկնաբանություն-շեյր հարաբերություններով: Եթե դուք 50 հատ նյութ եք տարածքում եւ ոչ ոք տակը մեկնաբանություն չի գրում, որքան շատ եք տարածում, այնքան ֆեյսբուքը ավելի վատն է ձեզ համարում, որովհետեւ տեսնում է, որ միջինացված ավելի քիչ մեկնաբանություն եք ստանում: Դրանով ձեզ համար գերեզման եք փորում»:
Սամվել Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ եթե ձեր ընկերները ինչ-որ նյութ են քննարկում, դուք հավանաբար դա կտեսնեք ձեր ֆեյսբուքյան պատին, եթե ձեր ընկերները նյութը լայքում են, շատ ավելի քիչ հավանականությամբ կտեսնեք նյութը, իսկ եթե նրանք միայն կարդում են նյութը, ապա մեծ հավանականությամբ դուք այդ նյութը չեք տեսնի:











