Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր՝ ապրիլի 6-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Դավիթ Բալայանը որոշում կայացրեց վերսկսել գործով դատաքննությունը՝ գործում ի հայտ եկած նոր հանգամանքների պատճառով:

Դատաքննությունը վերսկսելու միջնորդություն ներկայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը՝ միջնորդությունը հիմնավորելով նրանում, որ Շուշանիկ Բախշյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործ կա հարուցված, որը վաղեմության ժամկետի պատճառով կարճվել է։

«2011 թվականին խոշոր պտուղ ախտորոշմամբ Շուշանիկ Բախշյանը բնական ճանապարհով է ծնունդ ընդունել, այնինչ նման դեպքում կեսարյան հատում պետք է լիներ եւ երեխան ուսի տրավմայի հետեւանքով այսօր հաշմանդամ է դարձել»,-ասաց ներկայացուցիչը:

Դատախազ Արա Մնացականյանը նույնպես միացավ պաշտպանի միջնորդությանը։ Պաշտպանական կողմը նույնպես դատաքննությունը վերսկսելու միջնորդություն ներկայացրեց, քանի որ այս գործով «Շենգավիթ» ԲԿ-ի մեկ այլ բժշկի էլ է մեղադրանք առաջադրվել։

«Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ Մերի Մարգարյանին նկատմամբ ոչ պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերել,ինչը հանգեցրել է Մերի Մարգարյանի մահվան։ Նրան 130 հոդվածի երկրորդ մասով մեղադրանք է առաջադրվել»,- ասաց պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։

Դատավորը քննեց նոր ի հայտ եկած հանգամանքները, կցեց գործին եւ դատաքննության փուլն ավարտված համարեց։ Մեղադրող Արա Մնացականյանը մեղադրական ճառով է հանդես գալիս։

Հիշեցնենք, որ ծննդկան Մերի Մարգարյանը մահացել է 2015թ.-ի հուլիսի 29-ին, երկու օր անց էլ նորածին աղջիկն էր մահացել: Գործով կա 2 ամբաստանյալ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Բախշյանը հղիությունը հսկած բժշկուհին է, իսկ Բաբելյանն էլ 2015թ.-ի հուլիսի 25-ին հերթապահը: