Երեւանի Ֆրանսիայի հրապարակում ժամը 14.00-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքը մի փոքր հետաձգվում է: Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել Ծաղկաձորի հետ կապված, ուստի այս պահին քննարկում են իրենց հետագա անելիքները, առաջիկա կես ժամում հանրահավաքը կսկսվի:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարել էր, որ այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 16.30-ին հզոր ավտոերթ կիրականացվի դեպի Ծաղկաձոր. դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀԿ խորհրդի նիստը: Փաստորեն, ՀՀԿ խորհրդի նիստն արդեն կայացել է: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակը երեկվանից փակ է. հանրահավաքը նախօրեին Ազատության հրապարակից տեղափոխվել էր այստեղ: Ֆրանսիայի հրապարակը այժմ էլ բոլոր կողմերից շարունակում է շրջապատած մնալ նստարաններով: Ցուցարարները վրաններ են տեղադրել գիշերելու համար, նաեւ վառարան են բերել, թեյնիկ, սնունդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: