Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և Իռլանդիայի Եվրոպական հարցերի ու պաշտպանության նախարար Թոմաս Բիրնը ստորագրել են հայկական ապրանքների համար ժամանակավոր առևտրային արտոնություններ սահմանող օրենսդրական ակտը։ Արարողությանը ներկա է եղել նաև Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Բոգդան Զդրոյևսկին։

Կանոնակարգով նախատեսվում է երկու տարի ժամկետով վերացնել հայկական ապրանքների լայն տեսականու համար սահմանված մաքսատուրքերը։ Արտոնությունները տարածվում են ավելի քան 300 ապրանքախմբերի վրա, այդ թվում՝ վերամշակված գյուղմթերքի, տեքստիլի և կոշկեղենի։ Փաստաթուղթը պաշտպանական մեխանիզմներ է սահմանում նաև ԵՄ արտադրողների համար։

Կանոնակարգը կհրապարակվի ԵՄ Պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը։ Օրենսդրական ընթացակարգն իրականացվել է արագացված կարգով՝ հուլիսի 2-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում։