Ապրիլի 14-ին Բուդապեշտում բողոքի ակցիաներ են անցկացնում տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանք պահանջում են քվեների վերահաշվարկ եւ էլեկտրոնային համակարգի փոփոխում, փոխանցում է DW-ն:

AFP-ի տեղեկություններով՝ ակցիային մասնակցում է մոտ 100 հազար մարդ, այն կազմակերպել են քաղաքացիական ակտիվիստները:

Բողոքողները վրդովված են, որ Հունգարիայի աջպահպանողական վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը ստացել է ձայների մոտ 50 տոկոսը, սակայն Քիստոնեա-դեմոկլրատական ժողովրդական կուսակցության հետ կոալիցիայում այն ստանում է Պետական ժողովի 199 մանդատից 133-ը:

Հունգարիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ապրիլի 8-ին, Օրբանը չորրորդ անգամ է ղեկավարում Հունգարիայի կառավարությունը: Քաղաքական գործիչն իր ընտրարշավը  կառուցել էր ազգայնական հռետորաբանության վրա՝ հանդես գալով որպես հին Եվրոպայի հուդայական-քրիստոնեական մշակույթի պաշտպան եւ ընտրողներին վախեցնելով իսլամի տարածման սարսափներով:

Ընդդիմությունն Օրբանին մեղադրում է այլատյացության, ռասիզմի, քաղաքացիական հասարակության ճնշման, ընտրական համակարգի մանիպուլյացիաների եւ երկրի դատական իշխանության ու հունգարական լրատվամիջոցների վրա վերահսկողության հաստատման մեջ: