«Իմ քայլը» նախաձեռնության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քիչ առաջ Բաղրամյան պողոտայից հասան Կորյուն-Աբովյան խաչմերուկ, որն այսօր վաղ առավոտյան փակել էին ուսանողները:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները Կորյուն փողոցում կոչ արեցին Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջ ուսանողներին միանալ իրենց, ապա նկատելով, որ շենքի դռները փակ են, Փաշինյանը հայտարարեց. «Դուք գերի չեք, որ ձեր առաջ դուռ փակեն»: Ապա ցուցարարներն ուժով բացեցին դուռն ու մտան շենք: Այստեղ նրանք կոչով դիմեցին ուսանողներին, ապա դուրս գալով շարունակեցին իրենց երթը:

Հիշեցնենք, որ ցուցարարները փակել են Աբովյան, Մոսկովյան, Սարյան փողոցները, Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաները: Մայրաքաղաքում երթեւեկությունը կաթվածահար է եղել: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: