Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԱՊՀ երկրների ազգային ուտեստների փառատոնին և մշակութային ծրագրին, որոնք անցկացվում են Թուրքմենստանի «Ավազա» զբոսաշրջային գոտում:
Թուրքմենստանի մշակույթի նախարարության տվյալներով՝ փառատոնն անցկացվում է հոկտեմբերի 7–8-ին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի նախօրեին, որը նախատեսված է հոկտեմբերի 9-ին՝ Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի նախագահությամբ։
Փառատոնի մասնակիցները ներկայացնում են ազգային խոհանոցը, ավանդական արհեստները, հագուստը, ասեղնագործությունը և երաժշտական գործիքները։ Մշակութային ծրագիրը ներառում է նաև ԱՊՀ երկրների արտիստների ելույթներ։
Միջոցառումներին մասնակցում են Համագործակցության անդամ պետությունների պատվիրակությունները։ Մասնավորապես, Տաջիկստանը ներկայացրել է ազգային ուտեստներ և ժողովրդական վարպետների արտադրանք, իսկ նրա արտիստները հանդես են եկել երգերով ու պարերով։
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հոկտեմբերի 9-ի նիստին ակնկալվում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդների մասնակցությունը։





























