Երեւանում անցկացվող ցույցի մասնակիցները նստացույց են անում Հայաստանի գլխավոր դատախազության եւ Վճռաբեկ դատարանի շենքերի առջեւ:

Փաշինյանի նախաձեռնությամբ՝ յուրաքանչյուր գերատեսչության շենքի առջեւ, որոնց դռները, ի դեպ, փակ են, 15-20 ակտիվիստ է մնացել, որոնք էլ շարունակելու են ակցիան:

Պարզվում է՝ լրատվամիջոցները խանգարում են ակցիային: «Լրագրողներ, մի՛ խանգարեք մեր աշխատանքին»,- հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ երկրում թավշյա հեղափոխություն է իրականացնելու: Նա բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, շրջափակել կառավարական հաստատություններն ու նստացույցեր կազմակերպել:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասը ոստիկանները փշալարերով փակել են եւ ցուցարարներին թույլ չեն առաջ շարժվել: Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:

Այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, ինչպես նաեւ Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկների մոտից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը 29-ն է:

Իսկ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանն անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց:

Երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով. այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: Այսօր եւս ցուցարարները փակում են Երեւանի կենտրոնական փողոցները:

Նիկոլ Փաշինյանը շրջափակում է գլխավոր դատախազության շենքը