2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 13-ին, Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքի որոշ մասնակիցներ Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում կառավարական շենքեր, պետական մարմիններ եւ այլ գերատեսչություններ շրջափակելու եւ պահելու ընթացքում կտրող-ծակող գործիքներով վնասել են փողոցում կայանված քաղաքացիների եւ հանրային ծառայողների ավտոմեքենաների անվադողերը, վնասել ավտոմեքենաները, դրանց վրայից պոկել-հանել են պետհամարանիշները: Այդ մասին ասվումէ ոստիկանության հայտարարության մեջ։
«Նշված փաստը ակնհայտ վկայությունն է նաեւ նրա, որ հավաքի որոշ մասնակիցների մոտ առկա են կտրող-ծակող գործիքներ, ինչն ակնհայտորեն հակասում է հավաքի կազմակերպիչների այն հրապարակային հավաստիացումներին, թե հավաքը խաղաղ է եւ ընթանում է առանց բռնության եւ այլ իրավախախտումների:
Ավելին, ձեռբերված օբյեկտիվ տվյալները վկայում են, որ այդ գործողությունները կատարվում են հավաքի կազմակերպիչների աչքի առաջ: Եթե հավաքի կազմակերպիչների նշված հավաստիացումներն անկեղծ են, ապա նման իրավիճակը հստակ իրավական կարգավորում ունի եւ հավաքի կազմակերպիչը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավունք ուներ դիմելու ոստիկանության ծառայողներին՝ հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը, մինչդեռ Ոստիկանությունը կազմակերպչից որեւէ նման դիմում չի ստացել:
ՀՀ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում նշված իրավախախտումները կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:











