Յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության, վարչական շրջանների շենքերում, պետական մարմիններում պիտի սկսվեն հարյուրավոր քաղաքացիների նստացույցեր։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Գյուղերից եւ մարզերից զանգում, հարցնում են, թե կոնկրետ ինչ պիտի անեն հանուն հաղթանակի։ Ես հիմա ուզում եմ կոնկրետ գործողություն առաջարկել։ Ես կոչ եմ անում գյուղերի եւ փոքր քաղաքների բնակիչներին, որ ճնշումներ գործադրեն գյուղապետերի, ավագանու անդամների վրա եւ պարտադրեն, որ հանդես գան թավշյա հեղափոխությանը աջակցելու մասին պաշտոնական հայտարարություններով»,- ասել է Փաշիյանն ու կոչ արել. «Գնացեք ձեր գյուղապետարաններ, բռնեք, բառիս փոխաբերական իմաստով, ավագանու անդամներին եւ պահանջեք, որ հայտարարեն միանալու հայտարարությամբ»։
Նա նաեւ նշել է, որ յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության, վարչական շրջանների շենքերում, պետական մարմիններում պիտի սկսվեն հարյուրավոր քաղաքացիների նստացույցեր։ Նա կոչ է արել քաղաքացիներին գնալ պետական մարմիններ ու նստացույց սկսեն. «Որպեսզի այնտեղ տեղ չմնա Սերժ Սարգսյանի պաշտոնյաների համար՝ նստելու եւ գործելու»։
Ըստ պատգամավորի, իշխանությունը խնդիր է դրել թշնամացնել ոստիկանությանն ու շարժման մասնակիցներին։ «Նրանց խնդիրն է մեզ սադրել բախումների ոստիկանության հետ։ Սերժ Սարգսյանը անհանգստացած է մեր հռետորաբանությունից, երբ ասում ենք, որ ոստիկանության եւ ոստիկանի դեմ կռիվ չունենք։ Մենք փողոց չենք ելել սերժանտ Սարգսյանի դեմ կռիվ տալու, մենք եկել ենք իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի դեմ կռիվ տալու»,- նշել է նա։
Նա նաեւ աշակերտներին կոչ է արել դասադուլ անել՝ նշելով, որ աշակերտները օրենքով էլ իրավունք ունեն մասնակցել քաղաքական այս գործընթացին։











