ՀՀԿ-ականները եւ Կարեն Կարապետյանները պետք է հասկանան, որ չկա այլեւս այնպիսի Հայաստան, որը նրանք կարող են կառավարել. նրանց չի հաջողվելու րոպե անգամ հանգիստ շունչ քաշել, քանի դեռ չեն ընդունել համաժողովրդական շարժման հաղթանակը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Իջեւանում կայացած հանրահավաքում հայտարարել է «Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ քաղաքական այս պրոցեսում երբ ասում են՝ ժողովրդի հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն, դրանով չեն ուզում որեւէ մեկին նվաստացնել, որեւէ մեկի նկատմամբ վրեժխնդիր լինել:
«Այդպիսի մեկնաբանությունների արմատը չեմ հասկանում: ՀՀԿ-ն, մյուս խմբակցությունները տխո՞ւր են, որ կա այսպիսի հերոսական ու հաղթանակած ժողովուրդ: Սա առաջին դեպքն է, երբ թուրքը նայում ոչ թե ուրախանում է, այլ տխրում, որովհետեւ հասկանում է, որ այստեղ կա մի ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել»,-ասաց նա:
Փաշինյանը կոչով դիմեց ԱԺ բոլոր խմբակցություններին՝ նշելով. «Ատելության եւ անհանդուրժողականության էջը փակված է: ԱԺ բոլոր ուժերը, պատգամավորները հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել այս հաղթանակած Հայաստանին: Նրանք հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել ժողովրդին եւ չենք փորձում որեւէ կերպ այդ ծառայությունը նսեմացնել ու ծաղրել: Մատուցեք ձեր ծառայությունները հաղթանակած ժողովրդին եւ դրանով ձեզ լիարժեք կդարձնեք հաղթանակած ժողովրդի անբաժանելի մասը»:
Այս ելույթից հետո Փաշինյանի գլխավորած ավտոերթն ուղղություն վերցրեց դեպի Վանաձոր:
Նշենք, որ ավտոերթի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եւ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը: Փաշինյանը կոչ է արել ժողովրդին պահանջել իրենց քաղաքապետերից, գյուղապետերից՝ ստորագրել եւ հրապարակել հայտարարություններ ժողովրդական շարժմանը միանալու մասին, ոչ թե գաղտնի կերպով այդ մասին մեսիջներ հղել իրենց:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Փաշինյանը բազմամարդ հանրահավաք է անցկացրել Գյումրիում: Այսօր՝ ապրիլի 28-ին, Իջեւանից հետո հանրահավաք է կայանալու նաեւ Վանաձորի Հայքի հրապարակում։
Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, պետք է հեղեղել Երեւանի բոլոր փողոցները։
- Մենք պատրաստ ենք հանդիպել ՀՀԿ խմբակցության եւ բոլոր պատգամավորների հետ. Փաշինյանը՝ բանակցությունների մասին
- Հայաստանում կլանային կառավարման էջը փակված է. էլ կապ չունի՝ ով ում եղբայրն ու բաջանաղն է. Փաշինյան











