Հայաստանի մի շարք քաղաքներում եւս բողոքի ակցիաներ են ընթանում: Մասնավորապես Գյումրիում ցուցարարները փակել են քաղաքի գլխավոր մի քանի փողոցներ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք շրջափակել են Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի շենքերը՝ պահանջելով որ այդ կառույցների աշխատակիցները միանան գործադուլին: Մարզպետարանի աշխատակիցները դրսում կանգնած են: 

Գյումրիի քաղաքապետարանում հավաքված ցուցարարները պահանջում են, որ «Բալասանյան դաշինքը» հայտարարի ՀՀԿ-ից հեռանալու մասին եւ միանա ժողովրդին:

Ցուցեր են տեղի ունենում նաեւ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Վանաձորում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները շարժվել է դեպի Հայքի հրապարակ: Նրանց են միացել «Գլորիա» կարի ֆաբրիկա աշխատակիցներ: Ակցիայի մասնակիցները արգելափակել են քաղաքապետարանի եւ Լոռու մարզպետարանի շենքերի մուտքերը։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դուրս է եկել եւ ցուցարարներին ասել, որ ինքը հոգով եւ սրտով ժողովրդի հետ է, սակայն չեն կարող դադարեցնել քաղաքապետարանի աշխատանքները, ինչին ցուցարարները պատասխանել են «ամոթ, ամոթ» վանկարկումներով: Ցուցարարները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պահանջում են վայր դնել մանդատը:

Բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաեւ Հրազդան քաղաքում: NEWS.am-ի թղթակից փոխանցմամբ, այսօր առավոտից փակ են բազմաթիվ գլխավոր եւ երկրորդական փողոցներ: Ցուցարարներ, այդ թվում աշակերտներ ու ուսուցիչներ, երթ են իրականացնում քաղաքի փողոցներով եւ կոչ են անում բոլորին միանալ իրենց:

Արմավիրի մարզպետարանի մոտ նույնպես բազմամարդ ցույց է տեղի ունենում: Նրանք շրջափակել են մարզպետարանի շենքը եւ պահանջում են, որ կամ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը միանա շարժմանը, կամ հրաժարական տա: Ցուցարարները նշել են, որ մարզպետը շենքի ներսում է: Դրսում հնչում է բարձր երաժշտություն:

Նշենք, որ Երեւանում վաղ առավոտից փակվել են բազմաթիվ փողոցներ, այդ թվում Արշակունյաց պողոտան, Աբովյան-Կորյուն խաչմերուկը, «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկը, Հարավ-արեւմտյան թաղամաս տանող ճանապարհը, Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, Դավթաշենի կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթ Բեկի փողոցը, մի շարք այլ փողոցներ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ, ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել:

Դրանից հետո կայացած հանրահավաքում Փաշինյանը կոչ է արել վերադառնալ քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի ակցիաներին: «Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ եւ դասադուլ, առանց բացառության բոլոր ընկերություններում: 8:15-ից շրջափակվում են բոլոր փողոցները, մետրոն, մայրուղիները, օդանավակայանը, ամեն ինչ»,- ասել է Փաշինյանը:

Մայիսի 8-ին անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի: