Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ միանալով «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչով սկսված անհնազանդության ակցիաներին։ Այս մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 2-ի առավոտից փակվել են մետրոյի բոլոր 10 կայարանները: Մայրաքաղաքի մետրոպոլիտենից որեւէ մեկնաբանություն ստանալու NEWS.am-ի բոլոր փորձերը ապարդյուն են եղել: Երեւանում շարունակում է ապրել տրանսպորտային կոլապսի պայմաններում: Ցուցարարները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մտադիր են շարունակել իրենց ակցիաները մինչեւ ժամը 17.00-ն, որից հետո կդադարեցնեն փողոցները փակելու ակցիաները եւ հնարավորություն կտան մարդկանց հասնել Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19.00-ին տեղի կունենա հանրահավաք:
Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ, ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել:
Դրանից հետո կայացած հանրահավաքում Փաշինյանը կոչ է արել վերադառնալ քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի ակցիաներին: «Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ եւ դասադուլ, առանց բացառության բոլոր ընկերություններում: 8:15-ից շրջափակվում են բոլոր փողոցները, մետրոն, մայրուղիները, օդանավակայանը, ամեն ինչ»,- ասել է Փաշինյանը:
Մայիսի 8-ին անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:




























