Իրավասու մարմինները լռություն են պահպանում մայիսի 2-ի առավոտյան սկսված Երեւանի տրանսպորտային կոլապսի առիթով:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ վաղ առավոտից ընդդիմադիր շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները արգելափակել են մայրաքաղաքի կենսականորեն կարեւոր բոլոր փողոցները, ինչպես նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող մայրուղին: Տրանսպորտային լիակատար կոլապսի հետեւանքով մարդիկ ստիպված են ոտքով հասնել աշխատավայր, ճամպրուկներով մինչեւ օդանավակայան տասնյակ կիլոմետր անցնել: Բացառություն է կատարվում միայն շտապ օգնության, ԱԻՆ մեքենաների եւ ռազմական տրանսպորտի համար:
Մետրոպոլիտենի դռները փակ են: Մայրաքաղաքի մետրոպոլիտենից որեւէ մեկնաբանություն ստանալու NEWS.am-ի բոլոր փորձերը ապարդյուն էին: Մամուլի ծառայության աշխատակիցները հեռախոսազանգերին ուղղակի չէին պատասխանում:
Նույնպիսի վիճակ էր նաեւ հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհների իրադրությունը պարզելու փորձերի դեպքում: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում եւս հեռախոսազանգերին չեն պատասխանում:
Զանազանության համար Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի հեռախոսն ընդհանրապես անջատված էր:
Նշենք, որ Գյումրի-Երեւան գնացքը եւս չի աշխատում, քանի որ տարբեր տարածքներում՝ հատկապես քաղաքներում և քաղաքների մերձակայքում ցուցարարները փակել են գնացքների ճանապարհները:
Փակ են նաեւ Չարենցավանի եւ մոտակա բոլոր գյուղերի ճանապարհները:
Երեւանի շատ փողոցներ փակ են, այդ թվում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը




























