Հայաստանը մասնակցել է Գերմանիայի Հանովեր քաղաքում ապրիլի 23-ից 27-ը կայացած «Hannover Messe» միջոցառմանը, որը համարվում է արդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիական եւ նորարարական լուծումներին նվիրված աշխարհի առաջատար եւ խոշորագույն միջոցառումներից մեկը:

Հայաստանի պատվիրակության կազմում էին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պատասխանատու աշխատակիցներ, «Ալյանս», «Մերիդիան», «Մեղրի» ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչներ եւ որոշ շահագործողներ, ներկայացուցիչներ Հայաստանի տեխնոլոգիական պարկերից, Հայաստանի ճշգրիտ ճարտարագիտական ձեռնարկությունների միավորրումից, ինչպես նաեւ նորարարական գործարար լուծումներ առաջարկող մասնավոր ընկերություններից:

Միջոցառման ձեւաչափը նախատեսել է մի քանի ուղղությամբ զուգահեռ աշխատանք, այդ թվում՝ ցուցահանդես, գործարար համաժողով, B2B եւ B2G հանդիպումներ եւ այլն:

«Hannover Messe 2018»-ի ընթացքում ներկայացվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների, տեխնոպարկերի առավելությունները, ՏՏ, բարձր տեխնոլոգիական եւ նորարարական լուծումներ մշակող ընկերությունների առաջարկները, միջազգային ընկերությունների ներգրավման հնարավորությունները, համագործակցության նոր ուղղությունների բացահայտման, համատեղ ծրագրերի իրականացման, առավել լայն շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք միջազգային ընկերությունների ներկայացուցիչների, Լեհաստանի, Կորեայի, Ներքին Սաքսոնիայի պաշտոնյաների հետ:

Հայաստանը ներկայացվել է նաեւ մարքեթինգային նյութերով, մասնավորապես ՀՀ գործարար հնարավորությունների մասին տեսաֆիլմով: