Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, այս պահին հավաքվել են մի շարք կրպակների ու շինությունների սեփականատերեր և բողոքում են, որ իրենց կրպակները քաղաքապետարանը որոշել է քանդել, այն դեպքում, երբ դրանք օրինական են և իրենք ունեն սեփականության վկայականներ։
Սեփականատերերից Դավիթ Նահապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Դրանք մեր խանութներն են, 20-25 տարի առաջ, հայրս, հորեղբայրներս այս խանութները սարքել են, իշխանությունները թույլ են տվել, թղթերը հանել ենք։ Դրանք պետական վարձակալական հողի վրա լրիվ սեփական խանութներ են։ Գործունեություն ենք զարգացրել, հետո արդեն վարձով ենք տվել խանութները ու շարունակել ենք մեր աշխատանքը։ Մի 20–25 օր առաջ եկան թաղապետարանից, թե քաղաքապետարանից, լուրեր տարածեցին, թե խանութները քանդում են։ Հետաքրքրվեցինք, մեզ ասեցին, որ ձերը չեն քանդում, ձերը օրինական խանութներ են, եթե քանդեն, պետք է փոխհատուցում տան։
Անօրինականներից մեկը մերն էր, դա էլ քանդեցին, մինչև էսօր մի հատ ծպտուն չենք հանել, չենք բողոքել։
Բայց մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ մեր խանութներն էլ են ուզում քանդել։ Մենք մի քանի հոգով՝ սեփականատերերով ու վարձակալներով, գնացինք թաղապետարան ճշտելու, թե այլ լուրը ճիշտ է, թե սխալ։ Մեզ ասացին, որ բոլոր խանութները քանդվելու է։
Բայց ի՞նչ հիմքով, վարձակալներն ասեցին՝ ժամանակ տվեք, չուզեցան տան, ասեցին՝ գնացեք այլ տեղ տարածք գտեք, ձեզ համար ինչ տարբերություն։ Տարբերությունը այն է, որ մարդը վեց տարի առաջ 500,000-ով խանութը վերցրել է, հիմա ուրիշ տեղ նույն կարգի խանութի վարձը 2 մլն դրամ է։
Մեզ 25 օր առաջ ասել են, որ չի քանդվելու, մարդն էլ գնացել է Չինաստան, ասենք, 50 հազար դոլարի ապրանք է բերել»,–ասաց նա։
Դավիթ Նահապետյանը նշեց, որ իրենց և բոլորի հողի վարձակալության պայմանագրերի ժամկետը լրացել է, չեն երկարացրել. «Բայց գույքը սեփական է, անշարժ գույք կադաստրում հաստատած սեփական անշարժ գույք է։ Ասում են՝ գերակա շահ է, բայց այդ դեպքում փոխհատուցեն գույքի համար, այդ գույքը քրտինքով աշխատած է։ Մեր եղածը ուզում են մեզանից առանց փոխհատուցելու վերցնեն, ու ոչ մի բան չեն ուզում տան։
Մեզ ժամանակ էլ չեն տալիս, որ դիմենք դատարան։ Այսինքն ոչ թե մեր եղածը քանդեն, նոր դիմենք դատարան, այլ դիմենք դատարան, ասենք ինչու ենք քանդում մեր եղածը։ ։ Ես 25 տարի բոլոր հարկերը մուծել եմ, անօրինական շինության տերերը չեն մուծել, բայց հիմա երկուսինս էլ քանդում են, բա իմ առավելություն ո՞րն էր։ Ասում է՝ առավելությունն այն է, որ բարեխիղճ աշխատել եք։ Բայց ախր նույն ձրով պատժվում ենք առանց փոխհատուցման։ Ես խոսակցություններ եմ լսել, որ այս հետևի խանութների գիծը շենքեր են սարքելու։ 150 ընտանիք մնում է առանց ոչ մի բանի, դա ո՞նց եղավ հանրային շահ։ Մենակ հացի փռում 30 հոգի աշխատող կա»։
Սեփականատիրոջ ներկայացմամբ, իրենց հողի վարձակալության ժամկետները լրացել է 2018-2020 թվականներին ու առանց որևէ պատճառի վարձակալությունը չեն երկարաձգել։
Բնակիչներից մեկ ուրիշն էլ հավելեց. «Թաղապետարանից մեզ ասում են, որ եթե մենք ձեզ ժամանակ տանք, դուք դատարանից թուղթ կբերեք, մենք չենք կարողանա քանդել, այսինքն ապօրինի են քանդում հիմա։ Դատարան դիմելու և միջանկյալ միջոց կիրառելու թուղթ ստանալու համար 7-10 օր ժամանակ է պետք, մեզ այդ ժամանակը չեն տալիս, 4 օրում գալիս են քանդեն»։











