1930-ականներին արտադրված ֆրանսիական թեթեւաշարժիչ օդանավն արտակարգ վայրէջք է կատարել բրիտանական Սիդմուտ քաղաքի լողափին շարժիչի անսարքության պատճառով, տուժածներ չկան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ։ Երկու բնակիչներ օդանավով օդ են բարձրացել Բոդմին քաղաքից, որտեղ անցնում էր վինտաժային օդանավերի ու ավտոմեքենաների ցուցահանդես ու ուղեւորվել տուն՝ Բրանսկոմբ։ 47-ամյա Զակ Ռոկին, որը վարում էր օդանավը, հայտնել է, որ այն բանից հետո, երբ շարժիչը խափանվել է, ինքն այլեւս ընտրություն չուներ լողափին վայրէջք կատարելուց բացի։

«Դուք փնտրում եք վայր, որտեղ մարդիկ կլինեն, որպեսզի դժվարությունների դեպքում ձեզ կարողանան արագ օգնություն տրամադրել։ Ես կասեի, որ ես ավելի լավ թռիչքուղիներում էլ եմ վայրէջք կատարել։ Այս մեկը իդեալական վայր չէր վայրէջքի համար»,- ասել է օդաչուն։

Միջադեպից հետո առափնյա պաշտպանության ներկայացուցիչները օգնել են օդաչուին օդանավը անվտանգ վայր տանել՝ վայրէջքի վայրից 300 մետր հեռավորության վրա։ Կիրակի օդանավը պետք է մասերի բաժանեն ու այդ ձեւով դուրս բերեն լողափից ։