Հայաստանի կառավարությունը տրամադրված է կառուցողական քայլերի՝ Ղրղզստանի հետ փոխգործակցությունը խթանելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում Ղրղստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ հանդիպման ժամանակ։

Ղրղզստանի առաջնորդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել: «Համոզված եմ, որ մեր աշխատանքով նոր թափ կհաղորդենք հայ-ղրղզական ավանդական հարաբերություններին»,- ասել է Սոորոնբայ Ժեենբեկովը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների եւ մաղթանքների համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը տրամադրված է կառուցողական քայլերի՝ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը խթանելու համար: Վարչապետը կարեւորել է տնտեսական համագործակցության զարգացումը եւ նշել, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակին: «Մենք լի ենք էներգիայով արդյունավետ աշխատանք իրականացնելու համար: Երկու երկրների փոխգործակցության ընդլայնման գործում առկա է չիրացված մեծ ներուժ, ու պետք է քայլեր իրականացնել այդ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը եւ Ղրղզստանի նախագահը քննարկել են երկու երկրների կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: