«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրելի է համարում արտահերթ ընտրություններում լինի մեկ համաժողովրդական նախընտրական ցուցակ: Այս մասին նա նշել է այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում:

«Չեմ ուզում, որ որեւէ մեկը, որ հիմա գտնվում է իշխանության մեջ, դուրս մնա համաժողովրդական շարժումից: Ես չեմ ուզում նահանջ արձանագրել դեպի նախորդ տարի միջկուսակցական կռիվները: Բարին եմ մաղթում վարչապետին, կառավարությանը, մենք զորակցում ենք եւ ուզում ենք, որ համաժողովրդականությունը շարունակվի, այս էյֆորիան, հրճվանքը, ի վերջո, դառնա աշխատանք, գործ եւ ինստիտուցիոնալացված պետական աշխատանք»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե չի՞ պատրաստվում մասնակցել արտահերթ ընտրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. « Իմ նախընտրությունն այն է, որ լինի մեկ համաժողովրդական նախընտրական ցուցակ, որովհետեւ վտանգները դեռ մեր առջեւ են, պետք է ամրապնդենք մեր համաժողովրդական նվաճումները ոչ միայն ուղղահայաց, այլեւ հորիզոնականը»:

Նա նշեց, որ ինքը չի հեռացել քաղաքականությունից, բայց նաեւ հպարտ է, որ նոր սերունդ է ասպարեզ եկել, եւ ինքն այդ սերնդի կողքին է: