Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, կարծում եմ՝ որոշակի թյուրամիցություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Սարդարապատում Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնականատարություններին ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանին հրավիրել-չհրավիրելու հետ կապված իրավիճակը:

«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, կարծում եմ՝ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրամիցություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է: Ես հասկանում եմ, որ Հայաստանում ավանդույթ կա, որ բոլոր հարցերը պետք է վարչապետի մակարդակով քննարկել եւ լուծել՝ ընդհուպ փողկապի գույնը: Եվ հիմա, երբ վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնել, թե ով ինչ ասի, ով ինչ խոսի, էդպիսի թյուրիմացություններ կլինեն: Եվ համակարգը, թերեւս, էդ իներցիայով է գործում»,- ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ իրենց գործունեության մեջ մանրախնդրության որեւէ տարր չի լինելու:

«Ընդհանուր առմամբ, երեկվա միջոցառումների հետ կապված որոշակի խնդիրներ կան, եւ այդ միջոցառումներում մի շարք դրվագներով անընդունելի բաներ կային, որոնք, համոզված եմ, առաջիկայում կշտկվեն: Համոզված եղեք, որ մանրախնդրության որեւէ էլեմենտ մեր գործունեության մեջ չի լինելու»,- հավելեց վարչապետը: