Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ եւ որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ մեկնաբանելով այսօր տեղի ունեցած միջադեպը։

«Տասնյակ լրատվամիջոցներ մինչ այս պահը զանգում են մեզ, փորձելով հասկանալ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա միջոցառումներին չներկայանալու պատճառը: Եւ արդյոք նա առհասարակ եղել է հրավիրված անձանց ցուցակում թե ոչ:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ եւ որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Եւ այո, Պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, եւ թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում»,- գրել է Աղաջանյանը:

Նշենք, որ այսօր Սարդարապատում  Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չի մասնակցել: Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։ Այսպիսով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի, օրենսդրի նկատմամբ դրսեւորվել է ոչ համարժեք վերաբերմունք: