Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Ժամանելուց անմիջապես հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, ապա ՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այցի շրջանակում Փաշինյանն առանձնազրույց է ունեցել նաեւ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ Ի դեպ, Հայաստանի վարչապետին Վրաստանի նախագահը ողջունել է հայերեն:

Ապա Գիորգի Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ այս այցը նոր երանգ կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին:

Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունում խախտումներ են արձանագրվել:  «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում 10 ստուգում է իրականացվել, ինչից հետո քրեական գործ է հարուցվել: Պարզվում է՝ ընկերությունը դեռեւս 2016 թվականին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՊԵԿ նախկին ղեկավարության հետ, որ գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետներում կիրականացվի տարբեր անձանց անվամբ  հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն դրամ է:

Կառավարությունը դադարեցնում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը «Տաշիր Կապիտալին» 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը: Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր պարզաբանել է այս որոշումը: «Ծառուկյան» դաշինքի կողմից նախարար նշանակված Արթուր Գրիգորյանը կտրականապես հերքել է մամուլի լուրերն այն մասին, թե ԲԷՑ-ը ձեռք կբերի Գագիկ Ծառուկյանը:

Երեւանի ավագանու այսօրվա նիստը կրկին թեժ մթնոլորտում է անցել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հասցեին նորից մեղադրանքներ են հնչել: Մասնավորապես, Ելք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բարձրաձայնել է մայրաքաղաքի բազմաթիվ խնդիրների մասին ու հայտարարել՝ Տարոն Մարգարյանն իրավիճակին չի տիրապետում:

Նշենք, որ նիստին զուգահեռ քաղաքապետարանի շենքի դիմաց  մի խումբ երիտասարդներ «Զառային տարեք, Popcorn բերեք» կարգախոսով բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց խոսքով, Փոստանջյանն ընդամենը շոու է անում:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները: Վարչապետի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ունեցավ միանգամից երեք տեղակալ՝ Տիգրան Ուլիխանյան, Հայկ Սարգսյան եւ Ալբերտ Աբգարյան: Վերջինս բավականին հետաքրքիր կենսագրություն ունի: Մի շարք դասական, այդ թվում՝ կամերային, սիմֆոնիկ ստեղծագործությունների և բալետի հեղինակ է: Ալբերտ Աբգարյանը նաեւ հեղինակել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի հիմնը՝ «Դեպի կայուն Հայաստան» երգը:

Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն, որի սպանության մասին նախօրեին հայտնել էր Ուկրաինայի ոստիկանությունը, ողջ է։ Նրա «սպանությունը» ծրագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները:  Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակի խոսքով՝ մայիսի 30-ին Կիեւում  անվտանգության ծառայության հատուկ գործողությունների արդյուքնում ձերբակալվել է Բաբչենկոյի սպանության մեջ կասկածվող անձը, իսկ Արկադի Բաբչենկոն ողջ է եւ ներկա էր ճեպազրույցին:

Այս գիշեր հոսպիտալացվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նախորդ օրը Արամ Սիմոնյանի դեմ բողոքի ակցիա էր իրականացվում մայր բուհում: Ուսանողները պահանջում էին ռեկտորի հրաժարականը: Արամ Սիմոնյանը Մի քանի ժամ չէր կարողանում դուրս գալ իր աշխատասենյակից, քանի որ ուսանողներից մի քանիսը նստացույց են անում հենց սենյակի դռան մոտ:

Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն թանկացել է ավելի քան 3 դրամով:  ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 482.83 դրամ,  եվրոն՝ 560.81 դրամ, բրիտանական ֆունտը՝ 640.76 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.70 դրամ:

Հայաստանի տարբեր մարզերում մայիսի 31-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ինչպես նաեւ քամու ուժգնացում: Որոշ վայրերում սպասվում է կարկուտ:  Երևանում ժամանակ առ ժամանակ կլինի անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը կեսօրին՝ +25 +27: