Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու եւ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երեւանի Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր եւ երթի մասնակից մի շարք  քաղաքացիների վրա, քարերով, մահակներով եւ էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետեւանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Քրեական գործը քննիչի կողմից ընդունվել է վարույթ, կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածը նշում է. «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն: