Տիգրան Մուղնեցյանը բազմատաղանդ երիտասարդ է, նա իր կազմակերպական ջիղով շատ մեծ օգնություն է ցուցաբերում։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ մեկնաբանելով իր օգնականի պաշտոնում 21-ամյա Տիգրան Մուղնեցյանի նշանակման շուրջ ծավալված քննադատությունները։
«Նա շատ խելացի է, մասնակցել է բազմաթիվ օլիմպիադաների, արդեն իսկ շատ մեծ օգնություն է տրամադրում ինձ, վստահ եմ սա ավելի կզարգանա ու կծառայի ՀՀ–ին»,–նշեց նա։
Հարցին, թե ինչ հարցերում է Տիգրան Մուղնեցյանը իրեն օգնելու, Աղաջանյանը նշեց. «Մենք 20 օր է ինչ ստանձնել ենք կառավարությունը, մենք կազմակերպչական գործերի մեջ ենք խրված, շատ գործեր կան, որ պետք է հասցնենք, այն կազմակերպական ջիղը, որ Տիգրան Մուղնեցյանը ունի, շատ է ինձ օգնում»։
Աղաջանյանը դժվարացավ պատասխանել, թե արդյոք Մուղնեցյանը ծառայե՞լ է արդյոք հայոց բանակում. «Տեղյակ չեմ, անկեղծ ասած, պետք է հարցնեմ, իմ իմանալով՝ ոչ»։
Նա նաեւ հայտնեց, որ եւս երկու օգնական է նշանակել, որոնց անունները այսօր հայտնի կդառնան։











