Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսը շաբաթ երդվել է որպես Իսպանիայի վարչապետ: Արարողությունը տեղի է ունեցել թագավորական «Սարսուելա» նստավայրում՝ միապետ Ֆելիպե VI-ի մասնակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սանչեսը ձեռքը դնելով Իսպանիայի սահմանադրության վրա՝ խոստացել է «իր պարտականությունները բարեխղճորեն կատարել» եւ հավատարիմ մնալ թագավորին ու երկրի հիմնական օրենքին: Իսպանիայի դեմոկրատական պատմության մեջ առաջին անգամ արարողությունն անցել է առանց  կաթոլիկ խորհրդանիշների՝ Աստվածաշնչի եւ խաչելության:

Նախօրեին Իսպանիայի Կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) Մարիանո Ռախոյի կառավարությանը անվստահություն էր հայտնել: Նախաձեռնությունը առաջ էր քաշել Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը եւ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Սանչեսի թեկնածությունը: Երկրի սահմանադրության համաձայն՝ անվստահության քվեից հետո Ռախոյի կառավարությունը թագավորին հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ սոցիալիստների առաջնորդը դիտարկվել էր որպես պալատի վստահությունը ստացած թեկնածու, ինչի հետ կապված թագավորը նրան նշանակել էր երկրի վարչապետ:

Կառավարությանն անվստահություն հայտնելու հիմք էր դարձել հնչեղ կոռուպցիոն գործով դատարանի որոշումը, որին ներգրավված էին Ռախոյի Ժողովրդական կուսակցության կողմնակիցները: Նրանց մեղադրում էին կաշառակերության, փողերի լվացման եւ հարկերի վճարումից խուսափելու մեջ: Դրանից զատ, դատարանը որոշել է, որ կուսակցությունը շահույթ է ստացել մեքենայությունների միջոցով, ինչի հետ կապված Ժողովրդական կուսակցությունը, որպես իրավաբանական անձ, պետք է վճարի մոտ 245 հազար դոլար: