Երեւանում հունիսի 4-ին տեղի է ունեցել «Ավրորա» 2017 մրցանակի դափնեկիր, միսիոներ բժիշկ Թոմ Քաթինային նվիրված փոստային նամականիշի մարման արարողությունը:

Մարման արարողությանը մասնակցել են Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Արարողությունը բացելիս 100 LIVES եւ Aurora Prize ծրագրերի ղեկավար Արման Ջիլավյանը նշեց, որ երբ այս նամականիշով նամակները թռչեն աշխարհի տարբեր անկյուններ, դրանք մարդկանց կտեղեկացնեն մարդասիրության գաղափարների մասին, կպատմեն մարդկանց մասին, որոնք մյուսներին օգնում են սեփական կյանքը վտանգելով:

«ՀայՓոստ» ընկերության նամականիշների բաժնի ղեկավար Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ Թոմ Քաթինայի պատկերով «Ավրորայի» նամականիշը  դրահավաքային արշավի նախաձեռնության մի մասը կդառնա: 350 դրամ անվանական արժեքով յուրաքանչյուր նման նամականիշին կցված է 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն։ Այսպիսով, նոր նամականիշի ընդհանուր կարժեքը կկազմի 500 դրամ, ինչը մոտավորապես հավասար է 1 ԱՄՆ դոլարի։ «ՀայՓոստը» նվիրատվության կտրոնից գոյացած հասույթը կուղղի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, ինչը թույլ կտա յուրաքանչյուրին հեշտորեն նվիրատվություն կատարել նախաձեռնությանն ու նրա կողմից իրականացվող նախագծերին:

Նամականիշի մարման արարողությունից հետո տրանսպորտի եւ կապի նախարար Աշոտ Հակոբյանը հայտնեց, որ այս միջոցառումը «Ավրորա» 2018 մրցանակաբաշխության շրջանակում անցկացվող միջոցառումների խորհրդանշական մեկնարկն է: «Այս նամականիշը պատմական եւ մշակութային նշանակությունից բացի, նաեւ հոգեւոր նշանակություն ունի՝ այն կնպաստի աշխարհում մարդասիրության գաղափարների տարածմանը»,- ասաց նա՝ կոչով դիմելով Սփյուռքի հայությանը, որ իրենց նամակներն ուղարկեն այս նամականիշով՝ «Ավրորային» սատարելու համար:

Ինքը՝ Թոմ Քաթինան հայտնեց, որ մանկության տարիներին նամականիշների մեծ հավաքածու ուներ, սակայն այդ ժամանակ չէր էլ կարող մտածել, որ երբեւէ ինքն էլ կհայտնվի նամականիշի վրա: Երբ նա կնոջը, ում հետ ապրում են սաուդանյան լեռներում, պատմել է, որ իր դեմքը կլինի նամականիշի վրա, կինն ընդհանրապես չի հասկացել, թե ինչի մասին է խոսում: «Նա երբեք փոստային նամականիշներ չի տեսել, նա չգիտեր՝ դա ինչ է, այդ վայրերում ընդհանրապես փոստային ծառայություն չկա»,- ասաց նա:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ ինքը կցանկանար արձանագրել, որ ուրիշների մասին հոգացությունը եւ կարեկցանքը, որոնք դրսեւորում է Քաթինան, ամերիկյան արժեքներ են: «Բայց այդպես չէ: Դա հայկական արժեքներ է, դա չինական արժեքներ է, դա համաշխարհային արժեքներ է»,- ասաց նա: