Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն դարձյալ քննադատության թիրախ է դարձել այն բանից հետո, որբ իր հազարավոր հիացած կողմնակիցների աչքերի առաջ համբուրել է ամուսնացած կնոջ շրթունքները, փոխանցում է AP-ն:
Նախօրեին Հարավային Կորեայում ֆիլիպինցի աշխատավորների հետ հանդիպման ժամանակ Դուտերտեն ներկաների շարքերից բեմ է հրավիրել մի կնոջ, որ նրան հանձնի գրքի պատճենը: Այնուհետեւ հարցրել է՝ նա արդյոք կարո՞ղ է իր ամուսնուն բացատրել փոքրիկ ճարաճճիությունը, կինը դրական է պատասխանել, եւ այդ ժամանակ Դուտերտեն խոնարհվել է ու նրան համբուրել ներկաների ուրախ բացականչությունների ներքո: Համբույրը ցուցադրել են Ֆիլիպինների պետական հեռուստատեսության ուղիղ եթերում: Չնայած կինն ասել է, որ հուզված էր հանդիպմամբ, դրանով իսկ պաշտպանելով Դուտերտեի արարքը, այնուամենայնիվ շատերը նման արարքը համարել են «սեքսիզմի արգահատելի դրսեւորում եւ իշխանության չարամիտ չարաշահում»:
«Դուտերտեն գործել է ինչպես ֆեոդալական թագավորը, որը համարում է, որ նախագահ լինելը այն ամենն անելն է, ինչ մտքով կանցնի»,- ասել է սենատոր Ռիսա Խոնտիվերոսը: «Նույնիսկ համաձայնության դեպքում, հենց նախագահն է այն նախաձեռնել, որն օժտված է ահռելի, անգամ վախեցնող ուժով»:











