Կոռուպցիան դպրոցներում զգալի նվազել է, դրամահավաքները զգալի նվազել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով դպրոցների տնօրենների հետ կապված աղմկահարույց դեպքրին, որոնք ընտրությունների ժամանակ աշխատել էին ՀՀԿ-ականների օգտին, ի՞նչ է անում նախարարությունը, որ նման դեպքերը չկրկնվեն, ԿԳ նախարարն ասաց.«Դա այնքան էլ հեշտ գործ չէ: Երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, իշխանությունների կամքը՝ վերացնել նման դեպքերը, ազդում է այդ երեւույթի նվազման վրա: Ամեն դեպքում ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն: Նույն դպրոցներում եթե հարցնեք, կտեսնեք, որ կոռուպցիոն զգալի նվազել է, դրամահավաքները զգալի նվազել են»:
Հարցին, թե ՀՀԿ-ական ուսուցիչները հեռացվելո՞ւ են աշխատանքից, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Որեւէ մեկը կուսակցական պատկանելության հետ կապված չի հեռացվելու աշխատանքից: Դա սահմանադրությամբ ամրագրված իրավունք է, եւ որեւէ մեկը չի կարող անձին հեռացնել կուսակցական պատկանելության համար, եթե նա օրենքով պատժելի արարք չի արել: Ասեմ ավելին՝ ես քննարկում եմ ԿԳ նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մեկին, ով ՀՀԿ անդամ է: Քննարկում ենք թեկնածուներ: Նախկինում շատ հաճախ մարդիկ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցականացվել, այնինչ դա որեւէ կապ չպետք է ունենա»:











