Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Քսան տարի վճռաբեկ դատարանում աշխատած Մկրտումյանը, իր հայտարարությունում, մասնավորապես նշել է , որ ժամանակն է ինքնադրսեւորվելու հնարավորություն տալ երիտասարդներին ։
Այսօրվանից ժամանակավորապես դադարեցվել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ նրա տեղակալ Կարեն Օհանյանի լիազորությունները։ Դատախազը նման որոշում է կայացրել, հիմքեր ունենալով, որ, մնալով պաշտոնում, նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում քրեական գործի քննությանը:
Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում առկա կոռուպցիոն մեխանիզմները հավաստող նամակներ է ստացել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարը հայտնել է, որ այժմ ուսումնասիրություններ են իրականացվում, որոշակի փաստեր արդեն կան: Միեւնույն ժամանակ, Հարությունյանը նշել է, որ չի ցանկանում՝ իրավապահները հենց սկզբից մուտք գործեն կրթական ոլորտ:
Հնարավոր կոռուպցիայի մասին այսօր նաեւ Սփյուռքի նախարարն է խոսել: Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հանրահայտ «Արի տուն», «Իմ Հայաստան» եւ մյուս ծրագրերով տենդերները տարիներ շարունակ նույն կազմակերպություններն են շահել: Նախարարին ամենաշատը կատարված ծախսերն են զարմացրել:
Չորրորդ պատգամավորը հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունից դուրս գալու մասին։ Ֆելիքս Ցոլակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ մայիսի 1–ին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո դադարեցրել է համագործակցությունը ՀՀԿ խմբակցության հետ։
9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը դուրս է եկել կալանավայրից։ Նախօրեին Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը փոխել են կիսաբացից բաց ռեժիմի։ Կյուրեղյանը դատապարտվել էր «Նոյեմբերի 5-ի» գործով դատական նիստի առաջին օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար։
Արդեն երկու օր է՝ չի աշխատում Թբիլիսիի մետրոպոլիտենը։ Մետրոյի 250 մեքենավարները գործադուլ եւ հացադուլ են հայտարարել: Նախօրեին քաղաքապետ Կախա Կալաձեի եւ մեքենավարների բանակցություններն ապարդյուն է անցել։
Դոլարը թանկացել է, իսկ եվրոն՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 483.02դրամ, եվրոն՝ 565.23դրամ, բրիտանական ֆունտը՝ 646.38 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.78 դրամ:
Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 6–ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Որոշ վայրերում սպասվում է կարկուտ: Երևանում ժամանակ առ ժամանակ կլինի անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +17, վաղը կեսօրին՝ +27 +29:











