Ես կողմ եմ քվեարկելու կառավարության ծրագրին զուտ այն առումով, որ իմ վերաբերմունքը ցույց տամ նորընտիր կառավարությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը։
«Նոր կառվարությանը փորձելու եմ ամեն կերպ աջակցություն ցույց տալ, որ չձախողվի։ Ուզում եմ աջակցողի դերում հանդես գալ։ Զուտ այդ առումով փորձելու եմ կողմ քվեարկել։ Վաղը նորից թող լրացուցիչ քննարկումները լինեն, վերջնական կարծիքս կկազմեմ։ Շատ կարեւոր է, որ քննարկումների ժամանակ բավական կարծիք, տպավորություն, որոշումներ են առաջ գալիս, այդ պատճառով չեմ ցանկանում շտապել»,-հայտնեց նա։
Ալիկ Սարգսյանի խոսքով, ինքը կարդացել է ծրագիրը եւ այնպես չէ, որ շատ հրապուրված է կառավարության ծրագրով, սակայն ամեն դեպքում առանձնապես հակասություններ էլ չի տեսնում ծրագրում։
Նրա համոզմամբ, ոչ մեկին ձեռնտու չէ, որ երկրում տիրող իրավիճակի պայմաններում անցկացվեն արտահերթ ընտրություններ․ «Թող որոշակի ժամանակ կանցնի, 1 տարվա ընթացքում նոր կառավարությունը իր գործելակերպը վերջնականապես կորդեգրի, կանցնի իր խնդիրների իրականացմանը, դրանից հետո էլ ավելի պարզ ճակատով կներկայանա ժողովրդին արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով»,-եզրափակեց Ալիկ Սարգսյանը։











