Ուզո՞ւմ էին չար ու վատ ցանկությունների ծրագիր լիներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ՀՀԿ–ն կարծում է, որ կառավարության ծրագիրը բարեմաղթանքների ծրագիր է։ 

Իսկ ծրագրում թվերի ու ժամկետների բացակայության մասին հարցին նա պատասխանեց. «Նշված է շատ կոնկրետ ժամանակահատված՝ 1 տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ»,–նշեց նա։

Դիտարկմանը, թե ծրագրում կոնկրետ թվեր չկան, Փաշինյանը նշեց. «Մենք այսօր խնդիր ունենք առաջին հերթին գնահատելու մեր տնտեսության ստվերայնության ծավալները։ Ո՞վ կարող է ասել, թե քանի տոկոս է․ Կառավարությունը նախկինում գնահատել է 22 տոկոս, միջազգային կազմակերպությունները գնահատում են 46 տոկոս եւ այդպես շարունակ։ Նախկինում կառավարության ծրագրերում ֆիքսված թվերը որպես կանոն իրականություն չեն դարձել։ Մենք պատրաստվում ենք լրջագույն փոփոխություններ անել»։

Փաշինյանը նաեւ պարզաբանեց, թե երբ հրաժարական կտա: Լրագրողի հարցին, որ  եթե այսօր ԱԺ-ն  ծրագիրն ընդունի, ապա արտահերթ ընտրություններին գնալու միակ տարբերակը նրա հրաժարականն է, երբ սպասեն նրա հրաժարականին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մեկ տարվա ընթացքում»:

Խոսելով կառավարության աշխատանքի մասին եւ պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կտա գործադիր մարմնի աշխատանքին, Փաշինյանը նշեց, որ կառավարությունն արդյունավետ կերպով լուծում է իր առջեւ դրված խնդիրները:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում ներկայացրեց Հայաստանի նոր կառավարության ծրագիրը։