ՀՀԿ-ի մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում՝ աղքատության նվազման, տնտեսական աճի, գործազրկության նվազման, ներդրումների աճի եւ այլն: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժ-ամանակ իր ելույթում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Քանի որ քաղաքականությունն ինձ համար ինչ-որ տեղ ճշգրիտ գիտության տեսակ է, թե ինչպես անել քո երկրի զարգացման եւ քաղաքացիների կյանքը բարելավելու համար, նորից թերթեցի ՀՀԿ-ի վերջին տարիների «խոլոստոյ» կրակած եւ այդպես էլ իրականություն չդարձած խոստումներն ու թվերը»:
Զոհրաբյանը սկսեց «ամենամեծ բլեֆից». «2017 թվականի համար ՀՀԿ-ական կառավարության ՀՀԿ-ական վարչապետը այս ամբիոնից հայտարարեց 850 մլն դոլարի ներդրումների մասին: Հետո կից նախարարները սկսեցին դրա տակ բովանդակություն «կարելու» անհաջող փորձեր անել եւ արդյունքում բյուջեի ծախսային մասը ներկայացվեց որպես ներդրում: Սա համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր «բլեֆագիտության» ժանրից»:
Հաջորդ խոստումը, ըստ պատգամավորի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումն էր. «Անցել է 8 տարի, բայց այն մնացել է «բլեֆ»: Ավելին, ՀՀԿ-ական հերթական վարչապետը իր կառավարության օրակարգում ներառեց ու լուծարեց «Երկաթուղու շինարարություն տնօրինություն» ընկերությունը»:
Որպես չկատարած խոստումներ Նաիրա Զոհրաբյանը թվարկեց նաեւ Գյումրիի տեխնոպարկի, Դիլիջանը ֆինանսական կենտրոն, Մեծամորի ատոմակայանի կառուցման, նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնակատկման, կենսաթոշակների բարձրացման, 8-10 տոկոսով աղքատության կրճատման մասին հայտարարությունները: «Կրակված ու չիրականացված թվեր: Այսօր աղքատության պաշտոնական թիվը 30 տոկոս է, եթե դրան ավելացնենք աշխատող աղքատների թիվը, այդ թիվը անցնցում է 60 տոկոսից»:
Նա հիշատակեց, որ նախորդ կառավարություններից մեկը խոստացել էր 100 հազար աշխատատեղի ստեղծում: Իսկ իրականում տեղի է ունեցել աշխատատեղերի կրճատում: «Հերթական ՀՀԿ-ական կառավարությունը հայտարարեց, որ օտարերկրյա ներդրումներն աճել են, մինչդեռ վիճակագրության ծառայությունը հերքեց եւ թվերով ապացուցեց, որ 2016-ի համեմատ 2017-ին ներդրումները նվազել են»:
«ՀՀԿ-ի պաշտոնավարման արդյունքում պետական պարտքը մոտեցավ 7 մլրդ դոլարի: ՀՀԿ-ական վարչապետներից մեկն ասում էր, որ պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ կոռուպցիան տեղ չի ունենա. Ինչ որ մեկը հիշո՞ւմ է, որ որեւէ կոռուպցիոներ պաշտոնյա դատապարտվի կլանի «օբշագի» որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից:
Մեկ այլ վարչապետ հայտարարում էր, որ նոր Հայաստանի կառուցումը մեր ձեռքերում է եւ մենք դա անելու ենք»: Միակ բանը, որ դուք արել եք ձեր ցինիզմով, լկտիությամբ, Սահմանադրությունը պոլի շոր սարքելով, ավերել եք ամեն ինչ»:
Անդրադառնալով գործող կառավարության ներկայացրած ծրագրին, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այս կառավարությունը մի խնդիր ունի՝ քանդել երկրի կոռուպցիոն մնաշնորհային կապանքները, սահմանել խաղի արդար պայմաններ եւ գնալ նոր ընտրությունների: Այս խնդիրները հստակ ձեւակերպված են ծրագրում: Ծառուկյան դաշինքը ներկայացված ծրագրին կողմ է քվեարկելու»:











