Իմ մասնագիտության մեջ առաջնահերթ է եղել կանխարգելումը, ոչ թե բուժումը. մարզում էլ առաջին հերթին կատարելու ենք կանխարգելիչ աշխատանքներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց այսօր Արմավիրի մարզպետ նշանակված Գագիկ Միրիջանյանը:
«Ես մասնագիտությամբ հանրային առողության կազմակերպիչ եմ: Այսինքն, իմ մասնագիտությունը հենց բուժական գործը չի, այլ հանրության հետ կատարվելիք աշխատանքներն են: Իմ անցած ուղին ու փորձը կօգնի ինձ հետագայում իմ աշխատանքները կատարելու համար»,-ասաց նա:
«Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում կհասկանաք, թե որ ուղղությամբ են գնում մեր աշխատանքները: Այս պահի դրությամբ, հստակ հանձնարարական ունեմ վարչապետից, թույլ տվեք չբարձրաձայնեմ: Ժամանակի ընթացքում կիմանաք, թե ինչի մասին է խոսքը»,-ընդգծեց Միրիջանյանը:
Դիտարկմանը, թե Արմավիրի մարզում կան տեղի ֆեոդալներ, որոնք մեծ ազդեցություն ունեն մարզում, ինչպե՞ս է չեզոքացնելու նրանց ազդեցությունը, Միրիջանյանը պատասխանեց. «Ֆեոդալները, մյուսները մարզպետի ֆունկցիաների մեջ չեն մտնում: Ես այս պահի դրությամբ ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում: Հնարավոր է աշխատանքի ընթացքում որոշակի խոչընդոտների հանդիպենք, բայց վստահ եմ, որ բոլորն էլ հարթվելի խոչընդոտներ են»:
Հարցին, թե նորմալ է համարում, որ ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Սարգսյանը որոշ փողոցներ փակել է քաղաքացիների համար՝ շլագբաումներ, մարզպետը պատասխանեց. «Ինձ հետ նման հարց չի քննարկվել: Բոլոր տեսակի խնդիրները պետք է լուծում ստանան»:
Նշենք, որ այսօր կառավարության նիստում Գագիկ Միրիջանյանը նշանակվել է Արմավիրի մազրպետ:
Գագիկ Միրիջանյանը ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենն է եղել: Միրիջանյանը որոշ ժամանակ աշխատել է առողջապահության փոխնախարար, իսկ դրանից առաջ Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն էր: Գագիկ Միրիջանյանը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է: Վերջինս, ըստ մամուլի տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանը ընկերն է:











